Խոսելով կինոյում կերտած նրա դերերի մասին` անհնար է չանդրադառնոլ Նովենցի Սիրանուշին, որը, իմ պատկերացմամբ, հայ կինոյի բացառիկ հաջողված կանացի կերպարներից է: Տեղին է նկատել նաև, որ Ֆրունզիկ Մկրտչյանի կողքին մեր մյուս դերասանները մի տեսակ ստվերում են մնում` նրա պոռթկուն ու անկաշկանդ, գունեղ ու հյութեղ իմպրովիզացիաներով և անսպասելի լուծումներով համեմված խաղի արդյունքում: Ֆրունզիկ Մկրտչյանին խաղընկեր ունենալով` Նովենցը ոչ միայն չկաշկանդվեց, այլև կանացի կերպարի նոր որակ բերեց, ազգային հենքի վրա հայ կինոն դուրս բերեց համաշխարհային կինոհարթակ` հավատարիմ մնալով հայ կնոջ բարոյական վեհ կերպարին և սիրված ու գնահատված մնալով նաև օտարազգի հանդիսատեսի համար: